Jump to content

Մուհամմադը Մեքքայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար · համայնք
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Մուհամմադը Մեքքայում, իսլամի հիմնադրի՝ Մուհամմադ մարգարեի կյանքի՝ ծնունդից (570) մինչև Մադինա տեղափոխվելն (622) ընկած ժամանակահատվածը։ Մեքքայից Մադինա տեղափոխումը հայտնի է նաև որպես «գաղթ» կամ «փախուստ» (արաբ․՝ هجرة‎‎՝ հիջրա)։ Կյանքի այդ ժամանակահատվածում՝ 610 թվականից սկսած, մարգարեն սկսել է կրոնական գործունեությունը, ստացել է աստվածային հայտնություն և մարդկանց քարոզել միակ Աստծո (արաբ․՝ الله‎‎՝ ալլահ) և նրա գրքի՝ սուրբ Ղուրանի (արաբ․՝ القرآن الكريم‎‎) մասին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ մարգարեն ծնվել է 570 թվականին՝ Մեքքա քաղաքում։ Արաբները թվականը հիշատակում են որպես «փղի տարի»։ Արաբական թերակղզում տեղի ունեցող դարակազմիկ փոփոխությունների արդյունքում նրա հարավը՝ Եմենը կամ «Երջանիկ Արաբիան», որտեղ կային բազմաթիվ քաղաքակրթություններ, միավորվել էր մեկ պետության՝ Հիմյարի թագավորության մեջ (250-525)։ 525 թվականին այն նվաճվել էր Աֆրիկյան ափում՝ Եթովպիայի սահմաններում գոյացած Աքսումի թագավորության կողմից։ 570 թվականին Աքսումի թագավորի զորքերը հարձակվել էին Եմենից հյուսիս ընկած շրջանի՝ Հիջազի վրա, որտեղ գտնվում էր Մեքքա քաղաքը։ Թագավորն արշավել էր փղերով, որպիսիք չէին հանդիպում Արաբիայում։ Ուստի արաբները 570 թվականը կոչեցին փղի տարի։

Ջաբալ ալ-Նուր լեռան Հիրա քարանձավը

Մուհամմադը ծագում է ալ-Կուրեյշ (արաբ․՝ القريش‎‎) ցեղի բանու Հաշիմ (արաբ․՝ بنو حاشم‎‎) տոհմից։ Հայրը՝ Աբդուլլահ իբն Աբդ ալ-Մուտտալիբը, մահացել էր որդու ծնունդից առաջ, իսկ մայրը՝ Ամինա բինթ Վահբը՝ երբ որդին դարձել էր 6 տարեկան։ Մուհամմադը, ով չուներ քույրեր և եղբայրներ, անցնում է պապի՝ Աբդ ալ-Մուտտալիբի խնամակալության տակ։ Սակայն վերջինս մահանում է երկու տարի անց, և ութամյա Մուհամմադին հովանավոր ու որդեգիր է դառնում իր հորեղբայրը՝ բանու Հաշիմ տոհմից Աբու Տալիբը։

Բանու Հաշիմ կամ Հաշիմյան տոհմի ներկայացուցիչները, ինչպես և Աբու Տալիբը, զբաղվում էին առևտրով։ Երբ Մուհամմադը դառնում է 12 տարեկան, Աբու Տալիբը նրա հետ ուղևորվում է ժամանակակից Սիրիայի հարավում գտնվում Բոսրա քաղաքը։ Քաղաքը ժամանակին մտել էր Նաբաթեայի թագավորության (մ.թ.ա. 3-րդ դարի վերջ-մ.թ. 106) մեջ։ Լինելով Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական) կայսրության քրիստոնեություն ընդունած առաջին մարզերի՝ Սիրիայի ու Պաղեստինի հարևանությամբ, Բոսրան ևս ուներ քրիստոնյա բնակչություն։ Այստեղ Մուհամմադը հանդիպում է քահանա Բահիրային, ով, ավանդության համաձայն, կուրեյշցիներին հայտնում է, որ իրենց մեջ գտնվում է Աստծո մարգարեն[1]։

Տասնհինգ տարեկանից Մուհամմադը սկսում է ապրել ինքնուրույն կյանքով. զբաղվում էր հովվությամբ, քարավանային առևտրով։ 20 տարեկանում մասնակցել էր Ուկազի ճակատամարտին, և մասնակցում է հաշտության պայմանագրի կնքմանը։

25 տարեկանում՝ 595 թվականին, Մուհամմադը ամուսնանում է 40 տարեկան այրի կնոջ՝ վաճառական Խադիջայի հետ։ Սակայն որոշ աղբյուրներում կնոջ տարիքը նշվում է 28, և պատճառաբանվում, որ 40-ը Արևելքում զուտ հասունություն նշող թիվ է՝ Մովսես մարգարեն 40 տարի հրեաների հետ շրջում էր Սինայի անապատում, Մուհամմադ մարգարեն 40 տարեկան էր, երբ սկսեց իսլամի քարոզը, և այլն։ Նրանք ունենում են 4 դուստր՝ Ումմ Քուլսում, Ռուկկայա, Զայնաբ և Ֆատիմա։ Նրանց որդին՝ Կասիմը, նորածին հասակում մահանում է։ Մուհամմադին երբեմն կոչում էին Կասիմի հայր (արաբ․՝ أبو قسيم՝ աբու Կասիմ‎‎)։ 599 թվականին ծնվում է Ալին (արաբ․՝ علي بن أبي طالب‎‎)՝ Աբու Տալիբի որդին։ Մուհամմադը Ալիին վերցնում է իր խնամակալության տակ և դաստիարակում որպես սեփական որդու։ Ավելի ուշ Ալին ամուսնանում է Մուհամմադի կրտսեր դստեր՝ Ֆատիմայի հետ։

Քարոզչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ մարգարեի կրոնական գործունեությունը սկսվում է այն ժամանակ, երբ լրանում է իր 40 տարին (610 թվական)։ Մինչ այդ, ամեն տարի՝ Ռամադան ամսին, նա առանձնանում էր Ջաբալ ալ-Նուր լեռան Հիրա քարանձավում, և մտածում աստվածային գոյության մասին։ Դա կրոնական գործողություն էր, որ իրականացնում էին կուրայշցիները նախաիսլամական շրջանում։ Մուհամմադը զբաղվում էր բարեգործությամբ, սնունդ բաժանում աղքատներին, ովքեր դիմում էին նրա օգնությանը։

Մուհամմադ մարգարեի կենսագրությունը պատմողների թվին է դասվում իր երկրորդ կինը՝ Այիշան։ Նա Մուհամմադի մոտ ընկերոջ՝ Աբու Բաքրի դուստրն էր, ում հետ նա ամուսնացել էր 621 թվականին, երբ Այիշան 9 տարեկան էր։ Վերջինս պատմում էր, որ Մուհամմադի մարգարեական գործունեությունը սկսել է իր երազներից ու քարանձավում առանձնանալուց։

Մուհամմադը քարանձավ հեռանալիս վերցնում էր անհրաժեշտ պարագաներ և սնունդ, և լքում էր ընտանիքը մի քանի օրով։ Քարանձավում անցկացրած գիշերներից մեկի ընթացքում նրան ի հայտ է գալիս Գաբրիել հրեշտակապետը (արաբ․՝ جبرائيل‎ կամ جبريل‎‎՝ Ջիբրիլ կամ Ջաբրայիլ)։ Մուհամմադին նա հրահանգում է կարդալ (արաբ․՝ إقرأ՝ իկռա‎‎)։ Մուհամմադի պատասխանը լինում է «մա ակռա» (արաբ․՝ ما أقرأ‎‎)։ Այդ արտահայտությունը թարգմանվում է որպես «չեմ (կարողանում) կարդալ» կամ «ինչ կարդամ»։ Ընդ որում, առաջինը մեկնաբանվում է 7-րդ դարում տառաճանաչության բացակայությամբ։ Երկրորդ անգամ նույն պատասխանը ստանալուց հետո Ջիբրիլը սկսում է արտասանել.

Հայերեն թարգմանություն «Ստեղծման սուրա»[2]

կարդա քո տիրոջ անունով, ով ստեղծել է
ստեղծել է մարդկանց արյան գնդիկից
կարդա, քո տերն ամենաբարին է
ով սովորեցրել է գրչով
սովորեցրել այն (ամենը), ինչ նա չգիտեր

اقْرَأْ بِاسْمِ رَبِّكَ الَّذِي خَلَقَ
خَلَقَ الْإِنْسَانَ مِنْ عَلَقٍ
اقْرَأْ وَرَبُّكَ الْأَكْرَمُ
الَّذِي عَلَّمَ بِالْقَلَمِ
عَلَّمَ الْإِنْسَانَ مَا لَمْ يَعْلَمْ

Այիշայի վկայությամբ, Մուհամմադը վերադառնում է կնոջ՝ Խադիջայի մոտ, և խնդրում որ իրեն ծածկեն, թաքցնեն։ Ավելի ուշ Մուհամմադը հանգստանում է և պատմում եղելությունը։ 7-րդ դարի հեթանոս արաբների համար դա սարսափելի երևույթ էր. միայն հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց կարող էին ձայներ լսվել անապատում, և դա կարող էր լինել որևէ սատանայական ուժ։ Խադիջան Մուհամմադին ուղարկում է եղբոր՝ քրսիտոնյա Վարակա իբն Նաուֆալի մոտ։ Վերջինս տիրապետում էր նաև հին եբրայական գրին, կարդացել էր Աստվածաշունչն ու Թորան։ Վարական պատասխանում է Մուհամմադին, որ դա սատանայական ուժ չէր, այլ Գաբրիել հրեշտակապետը, ով ժամանակին երևացել էր Մովսես մարգարեին (արաբական ավանդույթում՝ Մուսա, արաբ․՝ موسى‎‎)։ Նա զգուշացրեց, որ դժվար է լինելու Մուհամմադի ճանապարհը, և նա (Վարական) չի կարող ապրել այնքան, որ օգնի նրան՝ ծերության պատճառով[3]։

Իսլամական համայնք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադի շուրջն են հավաքվում իր հարազատները, ովքեր ընդունում են իսլամ։ Նրանք էին՝ Խադիջան, իրենց 4 դուստրերը, Աբու Բաքրը, և մանկահասակ Ալին։ Ավելի ուշ, երբ մուսուլմանական համայնքը մեծանում է, նրանք սկսում են աղոթքներ ու ծիսակատարություններ անել։ Մուհամմադը սկսում է քարոզը՝ Մեքքայի հրապարակներից մեկում՝ մարդկանց ներկայացնելով նոր միաստվածական կրոն։

Քաաբա

Նախաիսլամական Արաբիան մինչև Մուհամմադը բազմակրոն էր. որոշակի տարածում ունեին հուդայականությունը` Պաղեստինին հարող շրջաններում և մի քանի օազիսներում, քրիստոնեությունը` Բյուզանդական կայսրությանը հարակից Հյուսիսային Արաբիայում, ինչպես նաև Եմենում, և տեղական միաստվածական կրոնը՝ հանիֆականությունը (չշփոթել հանաֆիականության հետ)։ Արաբական դիցաբանությունը ներկայացված է նաև հեթանոսական աստվածություններով, և թերակղզու բնակչության մեծ մասը ուներ սեփական կուռքը՝ երկրպագելով այս կամ աստծուն։ Մեքքայում էր գտնվում հեթանոս աստվածների գլխավոր դիցապաշտարանը՝ Քաաբան (արաբ․՝ الكعبة‎‎)։ Այն մեծ եկամուտներ էր բերում վաճառաշահ մեքքացիներին, ուստի նրանք թշնաբար են վերաբերվում Մուհամմադի քարոզին։ Դրանից բացի, այդ ժամանակաշրջանում բավական շատ էին «կեղծ» մարգարեները, ովքեր հանդես էին գալիս աստծո անունից։ Ուստի Մուհամմադը սկզբում հաջողություն չի ունենում։

Մուհամմադի կինը՝ Խադիջան, ինչպես նաև հորեղբայրը՝ Աբու Տալիբը, մեծ հեղինակություն ունեին Մեքքայում, ուստի Մուհամմադի ֆիզիկական անվտանգությունը այդ տեսանկյունից ապահովված էր։ Նրա շուրջ հավաքվում են նորանոր հավատացյալներ, որոնք, սակայն, Մուհամմադի պես ապահովված չէին։ Իրենց անվտանգության համար 615 թվականին իրենք տեղափոխվում են քրիստոնեադավան Եթովպիա։ Խադիջայի ու Աբու Տալիբի մահից հետո Մուհամմադի կյանքը նույնպես ենթարկվում է վտանգի, և նա փորձում է փախչել Մեքքայից։

618 թվականին Մուհամմադն իր փոքրաթիվ կողմնակիցներով հաստատվում է Մեքքայից ոչ հեռու ալ-Տաիֆ քաղաքում։ Տեղի վերնախավը առևտրական կապեր ուներ հեթանոս կուրեյշցիների հետ, և որոշ ժամանակ անց սկսում է ճնշում գործադրել Մուհամմադի վրա։ Այդ ընթացքում Մուհամմադը հանդիպում է յասրիբցիների, ովքեր պատրաստակամություն են հայտնում իրենց քաղաքում ապաստան տալ նոր կրոնի մարգարեին՝ սեփական խնդիրները լուծելու նպատակով։ Մուհամմադը դժվարությամբ վերադառնում է Մեքքա, տեղի մուսուլմաններին ուղարկում Յասրիբ, իսկ ինքը Աբու Բաքրի հետ փախչում է վերջում՝ 622 թվականի սեպտեմբերի 24-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Օլեգ Բոլշակով Паломничество и договор в Худайбии // История Халифата. — Երկրորդ հրատարակություն. — Մոսկվա, 2000. — Т. 1. Ислам в Аравии, 570-633.
  2. Սուրայի բառերը՝ արաբերեն վիքիքաղվածքում
  3. аль-Бухари, «Сахих» Книга 1. «Начало откровений», хадис № 3, со слов Аишы